Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Բողոքի ակցիաներ Ադրբեջանում

Բողոքի ակցիաներ Ադրբեջանում
14.01.2016 | 12:14

Երեքշաբթի օրը Ադրբեջանի երեք քաղաքներում բողոքի տարերային ակցիաներ էին: Լենքորանում, ռուս-ադրբեջանական սահմանից ոչ հեռու` Սիյազան քաղաքում, հայ-ադրբեջանական շփման գծից ընդամենը 40 կիլոմետրի վրա գտնվող Աղջաբեդիում ցուցարարները միևնույն պահանջն էին առաջ քաշում` զսպել մանաթի արժեզրկմանը հաջորդած գների կտրուկ աճը: Լենքորանում ցուցարարները ժամեր շարունակ փակ էին պահում Իրան տանող միջպետական ճանապարհը: Ոստիկանությունը որևէ կտրուկ գործողության չդիմեց: Շրջանի փոխոստիկանապետը երկարատև բանակցություններից հետո ի վերջո ցույցի մասնակիցներին համոզեց` հեռանալ ճանապարհի բանուկ հատվածից:
Սիյազանում ևս տեղական իշխանությունները գերադասեցին երկխոսության մեջ մտնել բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Սիյազանի կենտրոնական հրապարակում հավաքված հարյուրավոր մարդկանց հետ բանակցելու փորձ ձեռնարկեց տեղական վարչակազմի ղեկավար Ասիֆ Հուսեյնովը: Ադրբեջանական Meydan TV կայքի տեղեկություններով՝ ցուցարարները նրան լսել անգամ չեն ցանկացել` պահանջելով, որ հրապարակ գան խորհրդարանում Սիյազանի պատգամավորները: Իրադարձությունները առավել դրամատիկ են զարգացել Աղջաբեդի քաղաքում, որտեղ երեք երիտասարդներ բարձրացել են քաղաքի կենտրոնի հինգհարկանի շենքերից մեկի տանիքին` սպառնալով ի նշան բողոքի ցած նետվել: Ցուցարարների համառ հորդորներից հետո է հնարավոր եղել երիտասարդներին հետ պահել հուսահատ քայլից:
Bizimyol-ի տեղեկություններով, Աղջաբեդիում բողոքի գործողությանը 2 հազար մարդ է մասնակցել` հիմնականում փախստականներ Լեռնային Ղարաբաղին հարող և 1993-ից հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից: Այստեղ ևս դժգոհում էին գների աճից, կոռուպցիայից և իշխանությունների անտարբերությունից:
Երեկոյան կողմ արդեն պարզ դարձավ, որ բողոքի գործողությունների նման ծավալն անհանգստացնում է ադրբեջանական իշխանություններին: Նման մտահոգության ամենավառ ապացույցը դարձավ կառավարության որոշումը, որով չեղյալ հայտարարվեց ամենալուրջ դժգոհությունների առիթ տված նորամուծություններից մեկը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշումը, որ ալկոհոլային խմիչքների մանրածախ և ծխախոտի մեծածախ առևտուրը երկրի տարածքում իրականացվում էր բացառապես պլաստիկ քարտերով: Դա լուրջ դժգոհություն էր առաջացրել հատկապես մանրածախ առևտրով զբաղվող հազարավոր գործարարների շրջանում: «Ադրբեջանում այսօր բազմաթիվ բողոքներ ու դժգոհություններ են հնչում՝ կապված այս որոշման հետ: Այդ բողոքներն ուղարկվել են կառավարություն և նախագահի աշխատակազմ: Պարոն նախագահը, ընդառաջելով գործարարների դժգոհություններին, հրահանգել է հետաձգել որոշման կատարումը»,- Ադրբեջանի պետական հեռուստատեսության լուրերի թողարկման ընթացքում երեկոյան հայտարարեց պետեկամուտների փոխնախարար Սահիբ Ալեքփերովը:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ